Ռուսաստանի արտգործնախարար Սերգեյ Լավրովը մայիսի 21-ին պաշտոնական այցով կժամանի Հայաստան։ Նույն օրը ՀՀ ԱԳՆ-ում տեղի կունենա Ռուսաստանի և Հայաստանի արտգործնախարարների համատեղ մամուլի ասուլիսը։               
 

ՀՀԿ ԳՄ նիստերի կուսակցական ու տեղեկատվական նշանակությունը

ՀՀԿ ԳՄ նիստերի կուսակցական ու տեղեկատվական նշանակությունը
05.06.2015 | 12:20

ՀՀԿ գործադիր մարմնի նիստերը, որպես կանոն, լրագրողների ուշադրության կենտրոնում են միշտ: Թեպետ ոչ միշտ են այդ նիստերը տեղեկատվության առումով կարևոր: Ավելի ճիշտ՝ հավարտ կազմակերպվող ճեպազրույցում միայն արձանագրվում են նիստի օրակարգում եղած խնդիրների անվանումները: Ի՞նչ է եղել նիստում իրականում, ինչ չի եղել և ինչու՝ երբեք չի հրապարակվում: ՈՒ դա օրինաչափ է, որևէ լրագրող իրավասու չէ պահանջել ավելին, քան հրապարակվում է: ՈՒրեմն ինչո՞ւ են այդ նիստերը ուշադրության արժանանում: Որովհետև ՀՀԿ-ն իշխող կուսակցություն է և այդ կուսակցության ԳՄ նիստում քննարկված հարցերը, որպես կանոն, հայտնվում են օրենսդիր ու գործադիր իշխանության օրակարգում, դասավորում ու վերադասավորում են քաղաքական դաշտը, արձագանքում են արտաքին ու ներքին քաղաքականության հրատապ խնդիրներին: Այո, բայց նիստին հաջորդող ճեպազրույցները աստիճանաբար դառնում են տեղեկատվության առումով բովանդակային ոչինչ չասող ու զուտ քարոզչական: Ինչո՞ւ: ՀՀԿ-ն ասելի՞ք չունի, թե՞ հարմար չի համարում հրապարակել ասելիքը: Ինչ-որ իմաստով հաճախ նաև հակասական են այդ տեղեկությունները: Օրինակ, երբ ՀՀԿ մամլո խոսնակ Էդուարդ Շարմազանովին հարցնում են, թե քննարկվե՞լ է նիստում «Նաիրիտի» հարցը, նա պատասխանում է, որ չի քննարկվել, դա կառավարության գործառույթն է և ՀՀԿ-ն կոմունիստական կուսակցությունը չէ, որ բոլոր հարցերով զբաղվի ու որոշումներ կայացնի, երբ հարցնում են էլեկտրաէներգիայի սակագնի բարձրացման մասին, նա ասում է, որ ցանկացած երկրում տնտեսական և քաղաքական իրվիճակի պատասխանատուն իշխանություններն են, և այս հարցում էլ ՀՀԿ-ն չի խուսափում պատասխանատվությունից: Հիմա «Նաիրիտը» երկրից դո՞ւրս է, թե՞ ՀՀԿ-ն ասելիք չունի: Իսկ էլեկտրաէներգիայի թանկացման մասով նշվում է ընդամենը ՝ «Ես արդեն մեկ անգամ ասել եմ, որ դեմ եմ անհարկի թանկացումներին: Սակայն, հիմա չեմ կարող ասել, թե որքանով է այդ թանկացումը հիմնավոր: Դա կկարողանամ ասել խորհրդարանական լսումներից հետո»: Ո՞վ չգիտեր այդ պատասխանը: Առավել ևս շարունակությունը՝ «17 դրամով թանկացնելու առաջարկը մերժվելու է պատգամավորների և Հանրային ծառայությունները կարգավորող հանձնաժողովի կողմից: Համենայն դեպս՝ մասնագետների առաջին գնահատականներն այն են, որ այդ 17 դրամը շատ է: Որևէ մեկի համար թեկուզ մեկ դրամի թանկացումը ցանկալի չէ, սակայն կա նաև օբյեկտիվ թանկացում»: Թե՞ ԳՄ նիստից հետո ասվածն արդեն այն սահմանագիծն է, որից ոչ պատգամավորները, ոչ Հանրային ծառայությունները կարգավորող հանձնաժողովը չեն նահանջելու: Բայց սա էլ տեղեկատվության մեջ հաստատուն մեծություն չէ, ինչպես ընդունված է մաթեմատիկայում գնահատել, որովհետև կարևոր քաղաքական հարցերում, որպես կանոն, ԳՄ անդամները ասում են՝ ինչ պիտի ասեն կամ ինչ այդ պահին գիտեն: Հիշո՞ւմ եք՝ 2013-ի սեպտեմբերի 3-ի կեսօրին ինչ էր ասում Գալուստ Սահակյանը, երեկոյան ինչ ասաց Սերժ Սարգսյանը: Կամ՝ վարչապետ Տիգրան Սարգսյանի հրաժարականի նախորդ օրն ինչ էր ասում ՀՀԿ մամլո խոսնակը, նույն օրը կառավարության նիստում ինչ ծրագրեր էր ներկայացնում Տիգրան Սարգսյանը, ինչ եղավ երեկոյան: Իսկ Սերժ Սարգսյանը, որպես կանոն, չի խոսում հասարակական-քաղաքական օրակարգի խնդիրների մասին, նա միայն որոշումներն է հրապարակում՝ ինչպես եղավ այս տարվա փետրվարի 12-ին, իսկ ինչ եղավ նրա որոշումների կատարման հետագա՞ ընթացքը: Ոչինչ, քաղաքական հարցը լուծվեց, մյուս խնդիրները հանվեցին օրակարգից ու վերջ: Ստացվում է, որ ՀՀԿ ԳՄ նիստն ունի միայն քարոզչական նշանակություն՝ արձանագրվում է, որ կառավարող կուսակցությունը կա, գործում է, նիստեր է անում ու անդրադառնում է ինչ-որ խնդիրների: Այսքանը: Իսկ դա ընդամենը կուսակցության PR է, հաջող կամ անհաջող՝ ինչպես կստացվի: Եվ լրատվական դաշտը, ինքնաբերաբար, ներքաշված է այդ գործընթացում ու տիրաժավորում է լուրեր, որոնք չունեն տեղեկատվական բովանդակություն:


Անահիտ ԱԴԱՄՅԱՆ
Հ.Գ.
Իհարկե, ԳՄ-ն պիտի նիստեր անի ու պարտադիր պիտի հավաքվեն՝ իրար տեսնելու ու ամենակարևորը՝ նախագահին տեսնելու, նրա խոսքը լսելու ու իրենց գործը իմանալու: Իհարկե, լրագրողները պարտադիր պիտի պարզեն՝ ինչ է եղել ու ինչու, բայց այդ ամենից հասարակության համար համարյա ոչինչ չի փոխվում: ՈՒ դա ազդանշան է: Ինչի՞: Ինքներդ որոշեք:

Դիտվել է՝ 1476

Հեղինակի նյութեր

Մեկնաբանություններ